MAP

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Զարմանալի է ինձ»

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (99)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնելու ենք Ը դարի կին շարականագիրներից մէկի՝ Խոսրովիդուխտ Գողթնեցու «Զարմանալի է ինձ» շարականը։

Դուխտը հին պարսկերէն բառ է, որը խիստ նմանութիւն ունի հայերէն համարժէք բառի հետ՝ դուստր: Այսինքն պէտք է ենթադրել, որ նրա հոր անունը Խոսրով էր, և ինքն էլ Խոսրովի դուստրը: Խոսրովիդուխտը շարունակում է Յովհան Մանդակունու, Կոմիտաս Աղցեցու և Դավթակ Քերթողի աւանդոյթները և մարդերգական ստեղծագործութիւնների շարքն աւելացնում Վահան Գողթնեցուն ձօնուած երգով: Իսկ ո՞վ էր Վահան Գողթնեցին: Վահանը Գողթնի Խոսրով իշխանի որդին էր։ 705 թուականին, արաբական տիրապետութեան շրջանում, արաբները հրաւիրելով Հայոց շուրջ 1200 իշխանների, խաբելով, իբր հարկերի չափի և իրենց ռոճիկի մասին պայմանաւորուելու համար ժողով են գումարում, նրանց տեղաւորում են Նախիջևանի ու Խրամի եկեղեցիներում:

Մինչ հայ իշխանները սպասում էին արաբ կառավարչի ժամանելուն, յանկարծ արաբ զինուորները եկեղեցիների դռներն ամուր փակում են և հրկիզում: Նրանց մէջ էր նաև Գողթան Խոսրով իշխանը, որի որդուն, մանկահասակ Վահանին, բազմաթիւ իշխանորդիների հետ գերեվարելով, արաբները տանում են Դամասկոս և դաստիարակում իսլամի ոգով: Սակայն արաբացած Վահանը տեղեակ էր իր քրիստոնեայ իշխանական տոհմից սերուած ու հայ լինելուն: 719 թ. Յովհաննէս 0ձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին, վերջինս հայերին թոյլատրում է վերադառնալ հայրենիք, և Վահանը ցանկանում է օգտուել այդ առիթից: 0մար ամիրապետը մտերիմ ու շատ էր կապուած Վահանի հետ, ուստի չէր ցանկանում բաժանուել նրանից: Եւ շուտով վերադառնալու պայմանով է միայն թոյլատրում նրան գնալ իր երկիր:

Մի քանի ամիսից մահանում է 0մար ամիրապետը, և Վահանն ամուսնանալով Սիւնիքի Բաբգեն նախարարի դստեր հետ, հաստատւում է իր հայրենի երկրում, ուր և ապրում է շուրջ 10 տարի։ 0մարին յաջորդած Հեշմ ամիրապետը լսում է Վահանի քրիստոնեայ դառնալու մասին և սկսում է փնտռել նրան։ Վահանը, յանուն Յիսուսի իր արիւնը թափելու հաստատ որոշմամբ, ինքնակամ ներկայանում է ամիրապետին: Արհամարհելով կրօնափոխ լինելու յորդորները, սպառնալիքներն ու չարչարանքները, գլխատւում է 738 թ.: Կա կարծիք, որ Խոսրովիդուխտը հենց Վահանի քոյրն է:

Շարականը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Արմենուհի Սեյրանյան, գեղարուեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/06/2025, 08:00