MAP

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Արցախի հայութիւնից աւանդուած «Աղէ, արկանք» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (99)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնելու ենք Արցախի հայութիւնից աւանդուած աշխատանքային մի երգ, որը կոչւում է «Աղէ, արկանք»։

Կարելի է նկատել, որ Արցախի աշխատանքային երգերում յաճախ է շօշափւում հայ գեղջուկի սոցիալական վիճակը: Ապրուստի դժուարութեան մասին է խօսւում նաև Արցախի հորովելի ամենայայտնի տարբերակում («Իրիքնակը տյուս ա եկալ»), «Խնեցե» երգում, «Կալերգ»-ում: Եւ ահա, այս մէկն էլ բացառութիւն չէ: Երկանքով հացահատիկ աղացող կինը պատմում է, որ տակառի տակ մի քիչ ալիւր էր մնացել, որը եկել, տարել է Դերանց Նուշին. սա գուցէ նրա ունևոր հարևանուհին է, որը նախկինում փոխ տուած պարտքն է պահանջել: Տանը մնացել էր նաև մէկ բուռ կորեկ, այն էլ իր որդին տուել է թռչուններին: Նրա այս արարքով երևում է, թէ նրանք որքան գթասիրտ են ու բնութեանը կապուած, որ իրենց կերակուրից մաս են հանում թռչուններին, նոյնիսկ երբ իրենց համար այլևս ոչինչ չի մնացել:

Այնուհետև կինը դիմում է երկանքին, կարծես խրախուսելով ու գովելով նրա անտրտունջ աշխատանքը. քարէ երկանքն աւելի գթասիրտ ու յարգալից է իր հանդէպ, քան քարասիրտ մարդիկ և ամեն ինչ անմնացորդ վերադարձնում է իրեն:

Սակայն դժուարութիւնները ամենուր են գիւղացու համար. ահա ջուրն է պակասել՝ ջրաղացներն աշխատեցնելու համար: Եւ ոչ էլ գիւղացին կարգին հագուստ ունի:

Երգի յաջորդ հատուածում գիւղացի կինը, շարունակելով պտտցնել երկանքի անիւը, դարձեալ դիմում է նրան, ասելով, որ նրա աղացած կորկոտով ճաշ է պատրաստելու, իսկ հացահատիկն առաւել մանրեցնելուց ու փոշիացնելուց յետոյ, երբ ալիւր կստացուի, այդ ժամանակ էլ լաւաշ կթխի: Յետոյ նորից նա հոգոց է հանում, թէ մինչև երբ պիտի դարդի ձեռքին ախ ու վախ անի:

Երգի վերջին մասում տեսնում ենք, որ անգամ այս ծանր օրերին գեղջկուհին չի կորցնում իր լայնատեսութիւնն ու յոյսը: Նա շարունակում է աշխատել՝ ինքն իրեն յուսադրելով, որ այս վիճակում երկար չեն մնա ինքն ու իր ընտանիքը, եթէ հարուստները լաւ են սերտել խեղճին կեղեքելու և նրանց քրտինքի վաստակը իւրացնելու հնարները, ապա իրենք էլ այսպէս՝ կեանքի իրական վարք ու բարքից անտեղեակ, խեղճ ու կրակ չեն մնա: Անշուշտ, կամօքն Աստուծոյ, մի օր իրենց վրայ էլ մի տեղից լոյս կծագի, և կեանքն այսքան դժուար չի լինի:

Երգը ներկայացուած է Լարիսա Սարգսեանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/06/2025, 07:25