MAP

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Թալինի հորովել

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (100)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք հորովելների շարքին պատկանող մի նմուշ՝ աւանդուած Թալինի հայութիւնից։

Դաշտային աշխատանքի ժամանակ հորովել կանչում են Հայաստանի ամբողջ տարածքում, և ամեն գաւառ ստեղծել է իրեն բնորոշ առանձնայատկութիւններով աչքի ընկնող նմուշ: Թալինի հորովելում հողը վարող գիւղացին, ասես մարդու հետ խօսելիս, դիմում է գութանին, նրան անուանելով «բարի» և հրաւիրելով վար անելու: Այդպէ՛ս միայն նրանք կկարողանան թշնամի մարդուն հոգս պատճառել: Տեսէք, թէ ինչպիսի աշխարհահայեացք ունի հայ գեղջուկը. նա չի անիծում իր թշնամուն, չի հայհոյում, նրանք չարիք չի կամենում, այլ նրա թշնամանքին պատասխանում է միայն իր արդար աշխատանքով: Վատ մարդու թշնամանքը իրեն է վնասելու, երբ տեսնի, որ ինքը արդար քրտինքով կարողանում է հոգալ ապրուստը:

Երկրորդ տան մէջ քիչ այլ ձևակերպմամբ կրկնելով նոյն միտքը, հողագործ գեղջուկը բանող եզանը ոգևորում է բարի լուրով. լոյսը բացուեց, բարին շատացաւ: Եւ իրեն օգնութեան է կանչում Սուրբ Գրիգորին (հաւանաբար Լուսաւորչին)՝ խնդրելով իրեն շնորհել լաւ, յաջող օր:

Հաւանաբար արտի մեծ մասը վարելուց յետոյ առաւելին՝ արտի եզրին հասնելով և մի փոքր շունչ առնելուց ու եզանն էլ հանգիստ տալուց յետոյ աշխատանքը շարունակելով գիւղացին կանչում է հորովելի միւս հատուածը. արդեն արտը վարել են և թշնամի ու չարակամ մարդու հոգսն ու մտածմունքը շատացրել: Եւ դարձեալ նրա մասին ոչ մի վատ խօսք չասելով նա միայն Սուրբ Սարգսին է խնդրում, կարծես, ի հեճուկս չարակամի, համերաշխութիւնն ու փոխադարձ սերը անխախտ պահել իր ու իր կնոջ միջև:

Երգը ներկայացուած է Ալեքսան Յարութիւնեանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/06/2025, 07:20