«Սահմաններից այն կողմ» - Հրանտ Տինք — Ճշմարտութեան և հաշտութեան ձայնը լռեցուած, բայց չմարած
Այսօր յիշում ու վերյիշում ենք մի մարդու, որի խօսքը կրակ չպարունակեց, բայց ջերմութեամբ այրեց անտարբերութիւնը։ Նրա ձայնը՝ հպարտ, պարզ և խաղաղ, դարձաւ կամուրջ՝ անցեալի և ապագայի միջև։ Նրա անունն է՝ Հրանտ Տինք։
Հրանտ Տինքը ծնուել է 1954 թուականին՝ Ստամբուլում։ Հայ, բայց նաև լիովին Ստամբուլի զաւակ։ Մանկութիւնը անցել է մանկատներում։ Երիտասարդ տարիներին՝ ինքնակրթութիւն, պայքար ու որոնում։ Նա չէր ընդվզում՝ նա խօսում էր։ Եւ այդ խօսքը դարձաւ նրա առաքելութիւնը։
1996 թուականին նա հիմնեց «Ակօս» շաբաթաթերթը, որը տպագրւում էր երկու լեզուով՝ հայերէն ու թուրքերէն։ Հրանտ Տինքի նպատակը պարզ էր՝ ոչ միայն բարձրաձայնել հայ համայնքի խնդիրները, այլեւ սկսել երկխօսութիւն։ Նա հաւատում էր, որ ճշմարտութիւնն ունի բուժիչ ուժ։
Հրանտը չէր վախենում խօսել Հայոց ցեղասպանութեան մասին՝ բաց ու հրապարակային։ Նա չէր խեղճանում, բայց նաև չէր ատում։ Նրա խօսքը խիզախ էր, բայց սիրով լի։ Նա ասում էր.
«Ես թուրք ժողովրդի հետ խնդիր չունեմ։ Ես ուզում եմ, որ նրանք իմանան ճշմարտութիւնը»։
Նրա ճշմարտութիւնն այն էր, որ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանութիւն էր։ Բայց նա չէր ձգտում վրէժի, նա ձգտում էր հաշտութեան՝ հիմնուած ճանաչման և ներումի վրայ։
Իսկ այդպիսի խօսքը՝ Թուրքիայում վտանգաւոր էր։ Հրանտ Տինքը բազմիցս դատի տրուեց՝ «թուրքական ինքնութիւնը վիրաւորելու» մեղադրանքով։ Բայց նա չլռեց։ Նա շարունակեց գրել, խօսել, հանդիպել երիտասարդների հետ, ուսանողների, մտաւորականների, նոյնիսկ՝ ընդդիմախօսների։ Նա հաւատում էր երկխօսութեանը։
Բայց 2007 թուականի յունուարի 19-ին՝ Ստամբուլի «Ակօս» թերթի գրասենեակի դիմաց, Հրանտ Տինքը գնդակահարուեց։ Նրա կեանքը ընդհատուեց, բայց ձայնը մնաց։
Հրանտ Տինքի սպանութիւնը ցնցեց ոչ միայն Թուրքիայի հայ համայնքը, այլեւ ամբողջ քաղաքացիական հասարակութեանը։ Տասնեակ հազարաւոր մարդիկ դուրս եկան փողոց՝ վանկարկելով.
«Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք»։
Այդ օրը Թուրքիան՝ գուցէ առաջին անգամ, հայի մահուան մէջ տեսաւ իր սեփական ցաւը։ Այդ օրը Հրանտ Տինքը դարձաւ խորհրդանիշ ճշմարտութեան և խաղաղ համակեցութեան յանուն պայքարի։
Այսօր գործում է Հրանտ Տինքի հիմնադրամը, որն իր թամբագործութեամբ նպաստում է հաշտութեան, պատմական արդարութեան, և ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեանը։
Հրանտ Տինքի ժառանգութիւնը այն է, որ ճշմարտութիւնն ու սէրը չեն հակասում միմեանց։ Նա մեզ սովորեցրեց՝ ինչպէս լինել նոյն պահին հայ, Ստամբուլցի, մարդասէր և խաղաղութեան կրող։
Նրա վերջին բառերից մէկը եղաւ՝ «Մի՛ վախեցէք, մի՛ ատէք»։
Այս խօսքը՝ այսօր աւելի արդիական է, քան երբևէ։
Հաղորդաշարը պատրաստեց` Ռուզաննա Պետրոսեանը
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ