MAP

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման հերթական դասընթացի մասնակիցները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման հերթական դասընթացի մասնակիցները 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման հերթական դասընթացի մասնակիցները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանայ հայրերին պատգամեց կոչման բարձր գիտակցութեամբ և անվերապահ նուիրումով շարունակել իրենց ծառայութիւնը Եկեղեցուն, ազգին ու հայրենիքին՝ իրենց համայնքներում ամենուր հայորդիներին համախմբելով ի խնդիր հայրենիքում առկայ դժուարութիւնների յաղթահարման և երկրի հզօրացման:

Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց եկեղեցականների վերապատրաստման դասընթացներին մասնակից Հայաստանի և Սփիւռքի տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականաց վերապատրաստման ծրագրերի տնօրէն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանը, ամփոփելով ծրագրի 2023-2025թթ․ ընթացիկ փուլը, որին մասնակցել է շուրջ 400 անձ, անդրադարձաւ դասընթացների օգտակարութեանը։ Սրբազանն իր երախտագիտութիւնը յայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ծրագրի և մասնակից հոգևորականների նկատմամբ հայրական

հոգածութեան համար։

Այնուհետև ներկաներին իր օրհնութիւնը բերեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց Հովուապետը գոհունակութիւն յայտնեց վերապատրաստման ընթացքում արձանագրուած արդիւնքների առնչութեամբ՝ ընդգծելով աստուածաբանական գիտելիքների վերաթարմացման, հովուական փորձառութեան փոխանակման, ինչպէս նաև Եկեղեցու և հասարակութեան առջև ծառացած մարտահրաւէրների ու դրանց յաղթահարման ուղիների շուրջ քննարկումների կարևորութիւնը։

Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը բերեց Վահան Սրբազանին և վերապատրաստման ծրագրերի փոխտնօրէն Տ. Շնորհք աբեղա Սարգսեանին դասընթացների կազմակերպման գործում ցուցաբերած նախանձախնդրութեան համար՝ տեղեկացնելով, որ դասընթացները յաջորդ փուլում կկազմակերպուեն ըստ տեսական ու գործնական աստուածաբանութեան թեմատիկ ուղղութիւնների՝ մերօրեայ մարտահրաւէրներին և հոգևոր սպասաւորութեան արդի պահանջներին համապատասխան։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանայ հայրերին պատգամեց կոչման բարձր գիտակցութեամբ և անվերապահ նուիրումով շարունակել իրենց ծառայութիւնը Եկեղեցուն, ազգին ու հայրենիքին՝ իրենց համայնքներում ամենուր հայորդիներին համախմբելով ի խնդիր հայրենիքում առկայ դժուարութիւնների յաղթահարման և երկրի հզօրացման:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/05/2025, 08:40