MAP

Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոս 

Աղօթում ենք մեր բանակի հզօրութեան համար.Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի ուղերձը

Հայաստանի առաջին Հանրապետութեան անկախութեան կապակցութեամբ Գարեգին Բ. Կաթողիկոսի ուղերձը։

Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում ի հայրենիս և ի սփիւռս մեր ժողովրդի զաւակներին և շնորհաւորում Հանրապետութեան տօնի առիթով։

Այսօր ոգեկոչում ենք յիշատակները 1918 թ․ մայիսեան հերոսամարտերի, մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի, միասնականութեան ոգու և քաջարի պայքարի, որի շնորհիւ հռչակուեց Հայաստանի առաջին Հանրապետութիւնը։ Դարերի ընդմիջումից յետոյ հայրենի հողում վերականգնուեց հայկական պետականութիւնը՝ արժանապատիւ ու ապահով կեանք և լուսաւոր գալիք կերտելու տեսիլքով։

Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձութիւնների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազաւթումից յետոյ կրում է արհաւիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտութիւնը, որ ժողովուրդը կարող է յաղթանակել, երբ միաբանուած է մէկ նպատակով, մէկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախութիւնը մեր հայրերի սրբազան աւանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զօրացնել մեր պետականութիւնը։

Այս տօնական օրը աղօթում ենք աշխարհասփիւռ մեր ժողովրդի խաղաղութեան ու բարօրութեան, մեր բանակի հզօրութեան, մեր պետութեան անվտանգութեան ու առաջընթացի համար։ Թող մեր նախնեաց սխրանքները ոգեշնչեն մեզ՝ հաւատալու մեր ուժերին, միաւորուելու հայրենիքի, ընդհանուր նպատակների շուրջ և համատեղ ջանքեր ներդնելու մեր ազգային շահերի և իրաւունքների պաշտպանութեան գործում:

Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհները, սերը և ողորմութիւնը թող լինեն մեզ հետ և ամէնքի, այսօր և միշտ. ամէն։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/05/2025, 08:32