MAP

Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախմբի տարեկան համերգը Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախմբի տարեկան համերգը 

Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախմբի տարեկան համերգը մշակութային հրավառութիւն համայնքում

Շուրջ երկու ժամ, աւելի քան հազար հանդիսականները հնարաւորութիւն ունեցան վայելելու ժողովրդական, էստրադային, հայ դասականների ստեղծագործութիւնների հրավառութիւն:

Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախմբի Մայիսի 3ին կայացած ամէնամեայ համերգը բացառիկ էր մի շարք առումներով: Գեղարուեստական ղեկավար Միքայէլ Աւետիսեանի եւ խմբավար Գայեանէ Պաղտասարեանի ղեկավարութեամբ` բեմում էին երգչախմբի յիսուն երգիչ-երգչուհիներ, արհեստավարժ երաժիշտներից կազմուած նուագախումբ եւ Համազգայինի «Անի» պարախումբը` առաջնորդութեամբ հիմնադիր պարուսոյցներ Սիւզի Բարսեղեանի եւ Եղիա Հաշօլեանի, որ միասնաբար հանդէս եկան յայտնի «Գոհար» համոյթի երգացանկով: Շուրջ երկու ժամ, աւելի քան հազար հանդիսականները հնարաւորութիւն ունեցան վայելելու ժողովրդական, էստրադային, հայ դասականների  ստեղծագործութիւնների հրավառութիւն:

«Այսօր մենք միացեալ Հայաստանն ենք ներկայացնում, քանզի բեմում է մի իւրատեսակ փունջ, որ կազմուած է իրանահայերից, հայաստանցիներից, լիբանանահայերից, իրաքահայերից, արգենտինահայերից, ամերիկահայերից», բացման խօսքում նշեց երգչախմբի ատենապետ Կարօ Քամարեանը: Նա շնորհակալութիւն յայտնեց «Գոհար» երգչախմբին, որ տարիներ շարունակ աշխարհասփիւռ հայերին ներկայացրել է իւրաքանչիւր հայի հոգու նուիրական երգերն այնպէս, որ ոգեշնչող է եղել նաեւ «Սայաթ Նովա» երգչախմբի համար եւ դարձել է այն չափանիշը, որին ձգտում է բնոյթով նմանուել: Քամարեանը փոխանցեց նաեւ «Գոհար» համոյթի` համերգի առիթով շնորհաւորանքն ու յաջողութեան մաղթանքը:

«Նազան Իմ Եարը» ժողովրդական երգի կատարմամբ մեկնարկեց համերգն ու այլեւս անկասելի դարձան միմեանց յաջորդող սիրելի երգերի ելեւէջները, որ մի պահ փոխադրում էին հայոց լեռներ ու դաշտեր, մի պահ` մայրաքաղաքային կեանքն էին յիշեցնում, պատմում հերոսամարտերի մասին, սէր խոստովանում հայրենիքին ու սիրած եարին «եասամանի ծառի տակ»: Հանդիսատեսն էլ մասնակիցն էր իւրատեսակ այս տօնախմբութեանը` աշխոյժ ձայնակցելով երաժիշտներին եւ ոգեւորելով որոտընդոստ ծափահարութիւններով:

««Մշակոյթ, Մշակոյթ եւ կրկին մշակոյթ», սա  է յարատեւելու գաղտնիքներից մէկը», այս կարգախօսով է, որ 2009 թուականից մինչ օրս, Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախումբը, հաւատարիմ մնալով իր նախնիների սկզբունքներին, շարունակում է Սփիւռքում «յարատեւ պայքարը» ձուլման դէմ: Երգչախումբը, որ Լոս Անջելեսի երաժշտասէր հանրութեանը ծանօթ  է իր բարձրարուեստ կատարումներով, շուրջ երկու տասնամեակ է, որ համայնքին ներկայացնում է մեր թանկագին երգերը, ստեղծուած տարբեր երգահանների կողմից, ինչպիսիք են Կոմիտասը, Կանաչեանը, Աւետիսեանը եւ եւ մեր այլ մեծերը: Հեշտ չի եղել ճանապարհը եւ չպիտի լինի, սակայն մեր ժողովուրդը աշխարհի չորս ծագերում, միշտ էլ գնահատել է նման երգչախմբերին եւ զօրավիգ է կանգնել աննկուն աշխատող, երազ իրականացնող եւ մշակոյթը սիրող մարդկանց», երգչախմբի առաքելութեան մասին նշում է «Սայաթ Նովա»ի վարչութիւնը:

Երգչախումբն, իր նուիրեալ ղեկավարների եւ անդամների շնորհիւ, յաջողել է վերապրեցնել հայ ժողովրդական, աշուղական երգարուեստը` նաեւ նորովի մատուցելով դրանք: Այդ հարցում հսկայական ներդրում ունեն երգչախմբին 2017թ.ին միացած յայտնի արուեստագէտ ամուսինները` խմբավար Գայեանէ Պաղտասարեանն ու երաժշտավար (դիրիժոր) Միքայէլ Աւետիսեանը, որ նոր շունչ հաղորդեցին «Սայաթ Նովա»ին: «Գործունէութեան ընթացքում աշխատել էի տարբեր երկրների Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հետ, եւ երբ տեղեկացան, որ բնակութիւն եմ հաստատել Լոս Անջելեսում, ինձ հրաւիրեցին դառնալու «Սայաթ Նովա» երգչախմբի խմբավարը: Քանի որ Համազգայինը ցանկանում էր ունենալ «Գոհար»ին նմանուող համոյթ, դիմեցի ամուսնուս` ճանաչուած երաժշտավար Միքայէլ Աւետիսեանին, ով սկսեց ինձ օգնել նուագախմբի հարցում` ներգրաւելով արհեստավարժ երաժիշտների, եւ դարձաւ «Սայաթ Նովա» երգչախմբի գեղարուեստական ղեկավարը», պատմում է Գայեանէ Պաղտասարեանը: Ամուսինների համատեղ գործունէութեան արդիւնքում, կարճ ընթացքում, երգչախումբը նոր որակ դրսեւորեց` միաժամանակ լինելով համայնքում միակ համոյթը, որն ունի երկու արհեստավարժ եւ աշխարհում ճանաչում ունեցող խմբավարների:

Ինչպէ՞ս են ընտրում երգչախմբի անդամներին, հարցին ամուսինները պատասխանում են, որ որպէս սիրողական երգչախումբ, ընդգրկուելու համար սահմանուած յատուկ չափանիշներ չկան, երաժշտական կրթութեան կարիք էլ չկայ,  այլ` արուեստով շնչող, գաղափարի հաւատացող մարդիկ են ներառւում երգչախմբում: ««Սայաթ Նովա»ում ներգրաւուած են մարդիկ, ում տրուած է երգելու շնորհը, եւ անձիք, ովքեր երբեւէ չեն երգել: Մենք չենք սահմանափակում կամ մերժում նրանց մուտքը եւ բոլոր դիմողներին օգնում ենք բացայայտել եւ արտայայտել իրենց տաղանդը: Մեր երգչախումբը, մշակութային, ստեղծագործական մի հարթակ է, որտեղ շատերը ցանկանում են ներգրաւուել` նիւթական աշխարհից մի պահ կտրուելու, արուեստի հետ շփուելու համար, շաբաթը մէկ անգամ երեք ժամով: Ես միշտ ասում եմ, որ մենք հոգու խնամքով ենք զբաղւում»,  նշում է Պաղտասարեանը`յաւելելով, որ երգչախումբը մի մեծ ընտանիք է, որի անդամների համար տարիքը խոչընդոտ չէ: Անդամների տարիքը սկսում է 60ից, եւ կան մինչեւ 90 տարեկան երգիչներ, ովքեր յաղթահարում են իւրաքանչիւր մարտահրաւէր`երգչախմբի նպատակներն ու հանդիսատեսի ակնկալիքները լաւագոյնս արդարացնելու համար: «Այս տարուայ համերգին որպէս մենակատար հանդէս եկաւ 90ին մօտ մեր երգիչներից, եւ մեզ համար դա չափազանց յուզիչ էր, որ այդ տարիքում նա քաջութիւն ունեցաւ բեմ բարձրանալու: Մենք բարձր ենք գնահատում նրան, եւ մեր միւս երգիչներին, ովքեր յաղթահարում են տարաբնոյթ խնդիրներ`մշակութային ժառանգութիւնը պահպանելու, եւ մեր ժողովրդական, հոգեւոր, դասական մեղեդիները սերունդներին փոխանցելու առաքելութիւնը պատուով իրականացնելու համար», նշում է Պաղտասարեանը: Անդրադառնալով երգչախմբի երգացանկին, խմբավարն ասում է, որ առաջնորդւում են  անդամների նախընտրած երգերն ընդգրկելով. «Ունենք մշակութային այնպիսի հրաշալի եւ ընտրելու մեծ հնարաւորութիւններ ընձեռող ժառանգութիւն, ինչը հնարաւորութիւն է տալիս դիւրութեամբ ընտրել տարբեր առիթների համար երգացանկ: Այդ հարցում նաեւ մեծապէս օգնում է Միքայէլ Աւետիսեանը` սոլօ երգերը փոխադրելով երգչախմբի համար: Մշտապէս ներառւում են նաեւ դասական երգչախմբային գործեր, եւ երգեր, որոնք սիրելի են մեր երգիչներին»:

Մինչ նուագախմբի ներառումը, երգչախմբի կատարումներն ուղեկցւում էին դաշնամուրով: Միքայէլ Աւետիսեանի միանալուց յետոյ, համերգի հնչողութիւնը հարստացաւ` այն դարձնելով առաւել հանդիսաւոր, տօնական: Նուագախմբում ընդգրկուած են Միացեալ Նահանգներում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ, այդ թւում` Լոս Անջելեսի Օպերայից, Փասադենայի, Սանտա Բարբարայի սիմֆոնիկ նուագախմբերից: «Շատ ուրախալի է տեսնել, որ «Սայաթ Նովա»ի վարչութիւնն ու Համազգայինը յաղթահարում են  մարտհարաւէրները, լուծում խնդիրները, ինչից շահում է մեր մշակոյթն ու համայնքը: Նրանց ջանքերի շնորհիւ, երգչախումբը համայնքին աւելի մեծ, շքեղ  համերգ է պարգէում` երգչախումբ, նուագախումբ, պարախումբ, մենակատարներ», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց Աւետիսեանը:

«Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախումբը հոգածութեամբ է պահում ու պահպանում այն, ինչը նուիրական է, եւ սիրով այն հրամցնում է հանրութեանը` ի վայելում բոլոր նրանց, ովքեր գնահատում են արուեստը: Համազգայինը միշտ նախանձախնդիր է եղել իր աւանդութիւնների անխաթար պահպանման նկատմամբ: Շրջանային վարչութեան նպատակը` մեր հանրութեան իւրաքանչիւր երաժշտասէր անդամի մօտ խանդավառութիւն ստեղծելն է, եւ լոյսով այն մղւում է միանալու «Սայաթ Նովա» երգչախմբին», նշուած է տարեկան համերգին ընդառաջ Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան ուղերձում:

«Սայաթ Նովա»ին պատգամ էր յղել նաեւ Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեանը՝ մասնաւորապէս նշելով. «Քրիստոնէական ջերմ սիրով ողջունում ենք Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեանն ու նրա միաւորներին` «Սայաթ Նովա» երգչախմբի կազմին, որ իրենց ծաղկուն գործունէութեամբ ու իւրայատուկ համերգներով վառ են պահում Լոս Անջելեսի մշակութային կեանքը, եւ հայկական երգարուեստի ու երաժշտութեան բարձրորակ կատարումներով առինքնում են հայ արուեստի սիրահար հոգիները»:

«Սայաթ Նովա»ի կայացումն ու զարգացումը հնարաւոր է դարձել համատեղ` ղեկավարների, երաժիշտների, համազգայինի նուիրեալ անդամների եւ բարերարների ջանքերով, ովքեր հաւատում են մշակութային արժէքների պահպանման եւ տարածման յոյժ կարեւորութեանը: Այս մասին, համերգի փակման իր խօսքում նշեց Կարօ Քամարեանը` շնորհակալութիւն յայտնելով բարերարների եւ կազմակերպութիւնների, որոնց հետեւողական աջակցութեամբ հնարաւոր է դարձել «Սայաթ Նովա»ի վերելքն ու շարունակականութիւնը, ի դէմս բարերար Ճորճ Գալիպճեանի, Յարութիւն Աւազեանի, Մայք եւ Էւելինա Սարեանների, ինչպէս նաեւ` ՀՅԴ «Լեռնավայր», ՀՅԴ «Աղբալեան» եւ «Ահարոնեան» կոմիտէութիւնների, Ազգային առաջնորդարանի եւ դպրոցների, Համազգայինի միաւորների եւ մասնաճիւղերի:

Համազգայինի «Սայաթ Նովա» երգչախմբի տարեկան համերգը նաեւ իւրատեսակ հաւաստիացում էր առ այն, որ հայ մշակոյթի զարգացումն ու տարածումն անկասելի է` քանի կան նուիրեալներ:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/05/2025, 07:00