Հայկական ժողովրդական երգեր.Գրիգոր Նարեկացու «Հաւուն, հաւուն» տաղը
Բարեկամներ, այսօր ներկայացնում ենք Գրիգոր Նարեկացու «Հաւուն, հաւուն» տաղը՝ նուիրուած Յիսուս Քրիստոսի հրաշափառ յարութեան տօնին։
«Հաւուն, հաւուն» տաղում ասւում է, որ թռչունն արթնանալով դիտում է հեթանոսներին, ապա ձայն տալիս իր սիրելի տատրակին՝ նրան անուանելով «հարսնուհի» և կանչելով ինձերի բնակատեղի լեռներից ու այծեամներով լեցուն դաշտերից: Սրանք փոխաբերական պատկերներ են, որոնցով հարուստ է Նարեկացու տաղերգութիւնը: Բնագրում օգտագործուած է «հաւ» բառը, որը հին հայերէնում նշանակել է թռչուն ընդհանրապէս: Արևի վեր բարձրանալու հետ արթնանում են թռչունները և իրենց ծլվլոցներով ու կանչերով լցնում նոր բացուող օրը: Այդպէս էլ այստեղ Քրիստոսի Յարութեամբ նոր օր է բացւում համայն մարդկութեան համար: Չէ՞ որ Քրիստոսը յաղթեց մահին, դժոխքից դուրս բերեց բոլոր հանգուցեալների հոգիները, որոնք, ադամական մեղքը ժառանգելով, մահից յետոյ այնտեղ էին գնացել: Սա արդեն մի նոր օր էր մարդկութեան կեանքում՝ զերծ մահուան սարսափից և լեցուն աստուածային լոյսով: Եւ այդ նոր օրուայ լոյսը շուտով պիտի ծագեր նաև հեթանոս ժողովուրդների վրայ, որոնց դիտում է հաւքը:
Տաղի յաջորդ հատուածներում մեր առջև ներկայանում է խնջոյքի տեսարան, որտեղ հաց և անուշահամ գինի է մատուցւում՝ ի հրաւէր հարսանիքի: Եւ հարսանիքին ներկայ նորանոր ժողովուրդներին հիւրասիրում են այդ հացով ու գինով, որպէսզի նրանք ապրեն անսպառ, անվախճան և յաւիտեան:
Ինչի՞ մասին է խօսքը: Քրիստոսը համարւում է Երկնային փեսան, իսկ հարսնացուն Եկեղեցին է, ո՛չ թէ շէնքը, այլ նրա շուրջը համախմբուած հաւատացեալ ժողովուրդը: Յիսուսը ցանկանում է, որ բոլոր մարդիկ ընդունեն իր հրաւէրը՝ մասնակցելու Երկնային խնջոյքին՝ ժառանգելով յաւիտենական կեանքը: Վերջին ընթրիքի ժամանակ Յիսուսն աշակերտներին բաշխեց օրհնուած հացն ու գինին՝ ասելով, որ դրանք իր մարմինն ու արիւնն են, որոնք զոհաբերւում են՝ յանուն մարդկութեան փրկութեան, նրա մեղքերի լուացման և նոր կեանքի: Այս նոյն խորհուրդն ունի նաև Սուրբ պատարագի ընթացքում գինու մէջ թաթախուած նշխարը, որ բաժանւում է ներկայ գտնուող հաւատացեալ ժողովրդին: Ահա «Հաւուն, հաւուն» տաղի վերջին հատուածը հենց այս հացի և գինու մասին է:
Տաղը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։ Երգում է Աննա Մայիլեանը։ Գեղարուեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիէլ Երաժիշտ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ