MAP

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Յամէն առաւօտ եւ լոյս» կամ «Տաղ լալու»

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (97)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք մի երգ, որի խօսքերի հեղինակն է ԺԶ դարի հայոց կաթողիկոս Գրիգորիս Աղթամարցին, իսկ երաժշտութեանը՝ Դանիէլ Երաժիշտը։ Այն կոչւում է «Յամէն առաւօտ եւ լոյս» կամ «Տաղ լալու», ինչպէս կոչել է բանաստեղծ կաթողիկոսը։

Հայ քնարերգութեան ԺԶ դարը բացւում է Գրիգորիս Աղթամարցու պոեզիայով: Իր տաղերում, որ փառք ու ճանաչում բերին բանաստեղծին, նա զարգացրել է Յովհաննէս Թլկուրանցու աւանդները: Ոճական առումով նրա բանաստեղծութիւնն աւելի գունագեղ է, քան նախորդներինը, գերհագեցած է յոյզերով:

Նրա ստեղծագործութիւնների հարիւրաւոր ձեռագրեր են պահւում Երևանի Մատենադարանում, Վիեննայի, Վենետիկի, Երուսաղեմի, Մոսկուայի, Սանկօ Պետերբուրգի ձեռագրատներում: ԺԶ դարի Հայաստանը եղել է Իրանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած մի քանի պատերազմների ասպարէզ: Նրանք թէև տարածքային ու այլ հարցեր միմեանց միջև էին պարզում, սակայն պատերազմի արհաւիրքը կրում և տառապում էր հայ ժողովուրդը: Այդ պատերազմների ականատես տարեգիր Յովհաննէս Արճիշեցին գրում է. «Քանի հայր ու մայր անորդի եղան և անդուստր: Եւ քանի քոյր առանց եղբայր, և եղբայր` առանց քոյր մնացին: Քանի սիրուն հարս ու փեսայ բաժանուեցին: Քանի քոյր ու եղբայր մէկ գիշերուայ մէջ մեռան: Եւ ո՞վ կարող է պատմել աղէտը, ծնողների ու հարազատների կսկիծը»:

Գրիգորիս Աղթամարցու այս տաղը, որ կրում է «Տաղ գեղեցիկ ի վերայ այգոյ, հոգւոյ և մարմնոյ», ընկալւում է թէ' իբրև մէկ անհատի կեանքի պատմութիւն, և թէ' իբրև ԺԶ դարի Հայաստանին բնորոշ անկայուն կեանքի, վաղուայ օրուայ նկատմամբ ունեցած անվստահութեան նկարագրութիւն, քանզի իւրաքանչիւր ժամը կարող էր դառնալ վերջինը: Տաղը համակուած է մղկտուն կենսասիրութեամբ: Այն խօսք է` ձախողուած կեանքի մասին, որ ասոյթ է դարձել. «Շինեց, բայց չվայելեց»:

Դանիէլ Երաժիշտը մեղեդու ստեղծման մասին պատմում է. «Կարդացի, ցնցուեցի, երգը ժայթքեց. հայի բախտն է` ամենուր շենացնում է, յետոյ մի օր ասում են` ել այգուցդ, տնիցդ, ինչպէս Արցախում եղաւ: Հենց Արցախն էլ նկատի ունէի... Տուն, այգի, կարելի է մեկնաբանել գլոբալ առումով, որպէս մեր աշխարհը, երկրային կեանքն առհասարակ»:

Երգը ներկայացնում ենք հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ, մենակատար՝ Գրիգոր Համբարեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/05/2025, 08:12