Ատրպէյճան Ստեփանակերտի մէջ ոչնչացուց Շարլ Ազնաւուրի կիսանդրին
Ինքնիրեն իբրեւ «եւրոպական ժառանգութեան մաս» նկատող Ատրպէյճան Ստեփանակերտի մէջ գտնուող աշխարհահռչակ արուեստագէտ Շարլ Ազնաւուրի կիսանդրին եւս ոչնչացուց, կը տեղեկացնէ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգութեան պաշտպան Յովիկ Աւանեսով՝ հետեւեալ հաղորդագրութեան միջոցով.
«101 տարի առաջ այս օրը ծնուեց հայ ժողովրդի ականաւոր զաւակը՝ Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոս Շարլ Ազնաւուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակի Ազնաւուրեան:
«Ազնաւուրի անունը ոսկէ տառերով է գրուել համաշխարհային երգարուեստի պատմութեան էջերում՝ նրան արժանի տեղ ապահովելով ոչ միայն որպէս հանճարեղ երգիչ, այլեւ որպէս հասարակական եւ մշակութային գործիչ: 1995–2018 թուականներին նա հանդիսանում էր ՀՀ դեսպանը ԵՈՒՆԵՍԿՕում, որտեղ ակտիւօրէն (աշխուժ կերպով) մասնակցում էր հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան գործին:
«Շարլ Ազնաւուրը ոչ միայն փայլուն արուեստագէտ էր, այլեւ՝ հայ ժողովրդի մշակութային յիշողութեան նուիրեալ պահապանը: Թէեւ մասնագիտութեամբ ճարտարապետ կամ հնագէտ չէր, նրա հումանիտար (մարդասիրական) եւ մշակութային գործունէութիւնը մեծապէս նպաստել է հայկական պատմամշակութային կոթողների, այդ թւում՝ եկեղեցիների, պահպանմանն ու վերականգնմանը:
«2021 թուականի Մայիսի 22ին Ստեփանակերտում կանգնեցուեց Շարլ Ազնաւուրի կիսանդրին՝ որպէս հայ-ֆրանսիական բարեկամութեան եւ մշակութային կապերի խորհրդանիշ: Կիսանդրու հեղինակներն են ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյեանն ու քանդակագործ Եուրի Յովհաննիսեանը: Այն տեղադրուած էր Շարլ Ազնաւուրի անուան մշակոյթի կենտրոնի տարածքում՝ Պոլ Էլիւարի անուան Ֆրանկոֆոնիայի կենտրոնի հարեւանութեամբ, հայ-ֆրանսիական բարեկամութեան պուրակում:
«Սակայն, 2023 թուականի Սեպտեմբերին «Ադրբեջան»ջ կողմից Արցախի ամբողջական բռնազաւթումից եւ հայաթափումից յետոյ, Ազնաւուրի կիսանդրին եւս յայտնուեց ոչնչացման վտանգի տակ՝ ինչպէս արրախեան միւս մշակութային ժառանգութեան օրինակները:
«Շարլ Ազնաւուրը մեծագոյն հայ էր՝ ամէնից առաջ Հայ Դատի նուիրեալ զինուոր, ում ազդեցիկ կերպարից զգաստանում էին բոլոր ժամանակների ֆրանսիական իշխանութիւնները եւ դրական ընթացք տալիս Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման բանաձեւերին, խօսում էր Արցախի ինքնորոշման, արցախցի ժողովրդի իրաւունքներից: Արդեօ՞ք նաեւ սա չէ պատճառը, որ այսօր Արցախը բռնազաւթած «ադրբեջանականէ պետութիւնը (իր թիկունքին ունենալով Թուրքիայի պէս հայատեաց ու ցեղասպան երկրի աջակցութիւնը)՝ իրականացնում է այս մեծամասշտաբ մշակութային ցեղասպանութիւնը՝ չշրջանցելով նաեւ Մեծն Ազնաւուրի կիսանդրին: Փաստօրէն , իրեն «եւրոպական ժառանգութեան մաս» համարող բարբարոս երկիրին իր մշակութային ցեղասպան քաղաքականութիւնը իրականացնելու ճանապարհին կանգ չառաւ նաեւ այն փաստի առաջ, որ Շարլ Ազնաւուրը ոչ միայն հայ է, այլեւ առաջին հերթին ֆրանսիական մշակոյթի՝ համաշխարհային երգարուեստի անբաժան մասն ու հարստութիւնն է:
«2024 թուականի Փետրուարի 27ին Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեան պետական խորհուրդը յայտարարութիւն տարածեց՝ փաստելով, որ «ադրբեջանցի» զաւթիչները ոչնչացրել են Շարլ Ազնաւուրի կիսանդրին https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ոչնչացրել-է-ստեփանակերտի-հ/ :
«Ինչպիսի՞ն է լինելու Ֆրանսիայի արձագանգը, որի նախագահը Մեծն Ազնաւուրի հրաժեշտի արարողութեան ժամանակ, խոնարհուելով նրա վիթխարի մեծութեան առաջ, ասում էր, թէ իրենց երկրում պօէտները չեն մահանում: Մենք՝որպէս համաշխարհային մեծութեան Ազնաւուր ծնած ազգի սերունդ, համարժէք պատասխան ու արձագանք ամէնից առաջ հէնց Ֆրանսիայից ենք սպասում», կը նշուի հաղորդագրութեան մէջ:
Աղբիւրը` Ասպարէզ
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ