Հայկական ժողովրդական երգեր. Կոմիտասի` «Մանուկների Հայր մեր»ը
Այսօր ներկայացնում ենք Կոմիտաս վարդապետի ստեղծագործութիւններից մէկը, որ կոչւում է «Մանուկների Հայր մեր»։
Այս երգը Ռոբերտ Աթայեանը ներառել է իր կազմած «Կոմիտաս․ Երկերի ժողովածու» գրքի Ե հատորում՝ հաշուի առնելով նրա պատմական կարեւորութիւնը: Այնտեղից իմանում ենք, որ այս երգը, «Մանկական աղօթք» վերտառութեամբ, ԱՄՆ-ում տպագրել է Կոմիտասի աշակերտ Միհրան Թումաճանը՝ նշելով, որ խօսքը եւ երաժշտութիւնը Կոմիտասինն են: Ապա Ռոբերտ Աթայեանը աւելացնում է, որ Թումաճանից անձամբ իմացել է, որ երգի բնագիրը գտնւում է Նիւ Եորքում:
Ռոբերտ Աթայեանը տեղեկացնում է նաեւ, որ երգը գրուած է Մեծ Եղեռնի օրերին:
Այժմ տեսնենք, թէ ինչ է խնդրում Կոմիտասը Հայր Աստծուց՝ Հայոց համար այդ դժնդակ օրերին: Մանուկների շուրթերով նա խնդրում է՝ հայ ընտանիքներին ամեն օր լիուլի տալ Իր շնորհը, եւ կեանք տալ հայ մայրերին ու հայրերին: Չէ՞ որ թուրքական կառավարութեան հրահանգով կոտորւում էր երկրի ամբողջ հայութիւնը, եւ սկզբում՝ յատկապէս օսմանեան բանակում ծառայող տղամարդիկ՝ հայ մանուկների հայրերը:
Այնուհետեւ մանուկները խնդրում են պահապան Հայր Աստծուն՝ իրենց պահել Իր Աջով, օրհնել սուրբ Խաչով, քանզի շատերը, որբացած ու վտարանդի, թափառում էին Օսմանեան կայսրութեան տարածքում՝ միայնակ, կտրուած իրենց հարազատներից ու անտեղեակ՝ նրանց ճակատագրին: Հազարաւոր հայ մանուկներ, իրենց ծնողների ու ողջ գերդաստանի հետ, զոհ գնացին թուրքական եաթաղանին, որ հաշուի չէր առնում կին ու տղամարդ, տարեց ու մանուկ: Հազարաւոր որբուկներ երկար ու դժուար ճանապարհներին մեռան սովից ու հիւանդութիւններից, փրկուածները ցրուեցին աշխարհով մէկ՝ կրելով հարազատներից զրկուած, օտարներից արհամարհուած ու լքուած որբի դառն ճակատագիրը:
Եւ այդ դաժան օրերին Կոմիտասը, կարծես յիշելով իր՝ նոյնպէս որբի դառն մանկութիւնը, խնդրում է Աստծուն՝ փրկել ամէն մի հայ մանկան հայրիկին ու մայրիկին, պահպանել իր ժողովրդին վերջնական բնաջնջումից: ԵթԷ մարդ արարածը կարող է անտարբեր լինել, ապա Հայր Աստուած գթառատ է: Չէ՞ որ մինչեւ մէկը չլինի մանուկների պէս, չի կարող մտնել Երկնային թագաւորութիւնը: Ուստի Աստուած անպայման կ’անսայ հայ մանուկների թախանձանքին, որը չափածոյ խօսքերի ու մեղեդու է վերածել Կոմիտասը:
Երգը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարականݕ անսամբլի կատարմամբ։ Գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ, մեներգչուհի՝ Արմէնուհի Սեյրանեան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ