Հայկական ժողովրդական երգեր. «Գթա՛, Տէր» շարականը
Ներկայացնում ենք ԺԱ դարի հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձի «Գթա՛, Տէր» շարականը, որը սովորաբար կատարւում է հոգեհանգստեան արարողութիւնների ժամանակ: Շարականի սկզբում խնդրւում է Տիրոջից՝ գթալ մեր ննջեցեալների հոգիներին եւ յիշել ողորմութեամբ, երբ փողերի հրաշալի ձայներից նրանք յառնեն ու կանգնեն նրա առաջ: Ինչպէս երեւում է, այստեղ նկատի ունի Ահեղ դատաստանի օրը: Խնդրում է ողորմած լինել նրանց հանդէպ, քանզի դրանց գինը Քրիստոսի սուրբ արիւնն էր, որ հեղուեց համայն մարդկութեան փրկութեան համար: Ապա խնդրում է՝ սուրբ աւազանից ծնուելով լուսաւորուածներին բարկութեամբ չխրատել եւ սրտմտութեամբ չյանդիմանել, երբ փողերի հրաշալի ձայներից յառնելով, նրանք կանգնեն Իր առջեւ: «Սուրբ աւազանից ծնուած» ասելով նկատի ունի մկրտութեան աւազանը, որի մէջ լուացւում են ադամական ու նախկին մեղքերը, եւ այնտեղից մարդը դուրս է գալիս՝ ինչպէս մանուկ: Յիշենք Յիսուսի խօսքը Նիկոդեմոսին, որ ասում էր, թէ ոչ ոք չի կարող Աստուծոյ արքայութիւնը մտնել, մինչեւ ջրից ու հոգուց չծնուի:
Շարականը ներկայացուած է «Սանկտուս» վոկալ քառեակի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ