«Սահմաններից այն կողմ» - Կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաճանեան
Հայ Եկեղեցու և համաշխարհային կաթողիկէութեան տեսլական առաջնորդը Կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաճանեանը համարւում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատմութեան ամենավառ դէմքերից մէկը։ Իր առաջնորդութեամբ, հոգևոր խորութեամբ և մշակութային արժէքների պահպանմանն ուղղուած ջանքերով նա դարձաւ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համաշխարհային կաթողիկէ համայնքի համար ոգեկնչման աղբիւր։։
Գրիգոր Պետրոս Աղաճանեանը ծնուել է 1895 թուականին Ախալցխայում (ներկայիս Վրաստան)՝ հայ կաթոլիկ ընտանիքում։ Դեռ փոքր տարիքից նա աչքի էր ընկնում իր բացառիկ խելքով, խոր հաւատքով և առաջնորդի յատկանիշներով։ Նրա ընտանիքը նպաստեց նրա կրթութեանը, ինչը նրան հնարաւորութիւն տուեց ուսումը շարունակել Հռոմի Պապական Ուրբանեան Համալսարանում։ Աղաճանեանը գերազանցութեամբ աւարտեց ուսումը, և 1917 թուականին՝ Հայոց ցեղասպանութեան ծանր տարիներին, ձեռնադրուեց կուսակրօն քահանայ։
Նրա ծառայութեան առաջին տարիներն անցան Հռոմում, որտեղ նա դարձաւ Հայրապետական Հայկական Քոլեջի ռեկտոր։ Այստեղ նա ոգեշնչեց ապագայ հոգևորականների սերունդներին՝ աստուածաբանութեան հանդէպ իր խորունկ գիտելիքներով և հայ ժողովրդի հանդէպ անմնացորդ նուիրումով։
1937 թուականին Գրիգոր Պետրոս Աղաճանեանը նշանակպիեց Կիլիկիայի հայ կաթողիկէների պատրիարք՝ առաջնորդելով Եկեղեցին ծանր ժամանակներում։ Նրա գլխաւորութեամբ Եկեղեցին դարձաւ հայ սփիւռքի կարևոր յենարան, որը զբաղւում էր ոչ միայն հաւատքի պահպանմամբ, այլեւ կրթութեան, մշակութային արժէքների տարածմամբ և հայ ինքնութեան պահպանութեամբ։
Աղաճանեանի օրօք բազմաթիւ եկեղեցիներ վերակառուցպիեցին կամ հիմնուեցին՝ յատկապէս Լիբանանում, Սիրիայում, Իրաքում և Եգիպտոսում։ Նա կարևորում էր հոգևոր կենտրոնների ստեղծումը՝ դրանք դիտարկելով որպէս համայնքի միասնականութեան և հայկական ինքնութեան պահպանման հիմնասիւն։
Աղաճանեանի ջանքերով, օրինակ, Լիբանանում ամրապնդուեց Հայ Կաթողիկէ պատրիարքութեան դերը։ Նրա տեսլականն էր՝ ոչ միայն ապահովել եկեղեցիների շինարարութիւնն ու վերակառուցումը, այլեւ դրանք դարձնել համայնքային կեանքը կազմակերպելու, երիտասարդներին ուղղորդելու և հայ մշակոյթը պահպանելու վայրեր։
Կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաճանեանը Մերձաւոր Արևելքում առանձնայատուկ դերակատարութիւն է ունեցել՝ ծառայելով ոչ միայն Հայ Կաթոլիկ Եկեղեցուն, այլեւ հանդիսանալով հայ ժողովրդի հոգևոր առաջնորդն ու դեսպանը տարածաշրջանում, որտեղ հայութիւնը յաճախ կանգնած էր սոցիալական, քաղաքական և մշակութային բարդութիւնների առջև։ Նրա գործունէութիւնը Մերձաւոր Արևելքում ընդգրկում էր համայնքային վերակառուցման, կրթութեան կազմակերպման և հաւատքի ամրապնդման ուղղութեամբ արուած կարևորագոյն քայլեր։
Papa Rosso
Կարմիր Պապ կամ «Կարմիր Կարդինալ» անունը տրուել է կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաճանեանին՝ հիմնականում նրա երկիր հայրենակիցների կողմից։ Այս անվանումը կապուած է նրա հետ այն պատճառով, որ նա եղել է կաթոլիկ եկեղեցու բարձրագոյն պաշտօնեաներից մէկը և իր կրօնական ծառայութեան ընթացքում ամրապնդել է կաթոլիկ համայնքը՝ յատկապէս հայերին օգնելով դիմակայել քաղաքական և սոցիալական դժուարութիւններին, որոնք անընդհատ առաջանում էին Մերձաւոր Արևելքում, որտեղ հայերը յաճախ էին բռնութիւնների և դժբախտութիւնների զոհ։
1946 թուականին Պիոս XII Պապը Աղաճանեանին նշանակեց կարդինալ՝ դարձնելով նրան Կաթողիկէ Եկեղեցու ամենաբարձր կարգի հայ հոգևորականներից մէկը։ Այս նշանակումը ոչ միայն մեծ պատիւ էր Հայ Կաթողիկէ Եկեղեցու համար, այլեւ ընդգծեց Աղաճանեանի ներդրումը կաթողիկէութեան և հայ ժողովրդի հոգևոր կեանքի զարգացման գործում։
Որպէս կարդինալ՝ նա դարձաւ Վատիկանի կարևորագոյն յանձնաժողովների անդամ և մասնակցեց Երկրորդ Վատիկան ժողովին, որտեղ հանդէս եկաւ արևելեան կաթողիկէ աւանդոյթների ճանաչման և արժևորման օգտին։
1958 թուականի հոկտեմբերի 28-ին ընտրուեց Հռոմի նոր քահանայապետ՝ Սուրբ Յովհաննէս 23-րդը։ Այս ընտրութիւնն առանձնայատուկ կարևորութիւն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաճանեանը, ըստ ժամանակակիցների վկայութեան, այդ ընտրութեան ընթացքում համարուել է պապական աթոռի ամենահաւանական թեկնածուներից մէկը։ Նոյնիսկ հենց Սուրբ Յովհաննէս 23-րդ քահանայապետն է վկայել, որ Կարդինալ Աղաճանեանի անունը բազմիցս հնչել է Սիքստինեան մատուռում տեղի ունեցած քահանայապետ ընտրող կարդինալական ժողովի ընթացքում։ Գրիգոր Պետրոս Աղաճանեանը համարուել է Պապի աթոռի լուրջ թեկնածու երկու անգամ՝ 1958 և 1963 թուականների կոնկլավներում։ Չնայած նրան Պապ չեն ընտրել, նրա հեղինակութիւնն ու համաշխարհային եկեղեցական առաջնորդի կարգավիճակը մնացին անփոփոխ։
Կարդինալ Աղաճանեանի կեանքն ու գործունութիւնը մեծ ազդեցութիւն ունեցան ոչ միայն հայ կաթողիկէ համայնքի, այլեւ համաշխարհային կաթողիկէութեան վրայ։ Նա մնաց նուիրուած իր հայ արմատներին և մեծ ջանքեր գործադրեց սփիւռքի հայկական ինքնութեան պահպանման գործում՝ տեսլական ունենալով միացեալ, ամուր և հաւատքով հարուստ հայկական համայնք։
2022 թուականի հոկտեմբերի 28-ին Հռոմի Լատերանի Սուրբ Յովհաննէս տաճարում հանդիսաւոր կերպով բացուեց Կարդինալ Աղաճանեանի սրբադասման դատի թեմական փուլը։
Կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաճանեանի ժառանգութիւնը շարունակում է ոգեշնչել ինչպէս հայերին, այնպէս էլ կաթողիկէ աշխարհին՝ իբրև առաջնորդութեան, հաւատքի և ծառայութեան բարձրագոյն օրինակ:
Հաղորդաշարը պատրաստեց` Ռուզաննա Պետրոսեանը
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ