Հայկական ժողովրդական երգեր. «Մարոն ա կայնել» երգը
Սա մի սիրոյ պատմութիւն է, որտեղ սիրահար երիտասարդները չեն կարողացել ամուսնանալ: Իսկ պատճառը՝ շրջապատի մարդկանց չարախօսութիւնն է: Առաջին տողերից իմանում ենք, որ այդ զույգից աղջիկը՝ Մարոն, կանգնել է մի խաս բախչի՝ փթթած այգու դռան մ0տ և մէջքին է զարկել Գանձակա նուռը: Սրանից կարող ենք հասկանալ, որ Մարոն շալակած նուռ է տանում: Բայց կարող ենք դիտել նաև իբրև խորհրդանիշ: Բանն այն է, որ նուռը տարբեր ժողովուրդների մօտ, այդ թւում և հայերիս, ունեցել է պտղաբերութեան և առատութեան խորհրդանիշ: Իսկ քրիստոնեայ աշխարհում խորհրդանշում է նոր կեանքի սկիզբը, քանզի աւետարանական պատկերներ ստեղծելիս միջնադարեան նկարիչները նռնով արտայայտել են Քրիստոսի Յարութիւնը:
Եւ Մարոն մէջքին է զարկել նուռը, թիկունք է դարձրել նրան, այսինքն՝ առատութեանը, պտղաբերութեանը:
Իսկ չէ՞ որ մարդու կեանքում առատութիւն է լինում, երբ իր սիրելիի հետ ընտանիք է կազմում, կարևոր չէ՝ նիւթապէս ինչպիսի վիճակում է, բայց կեանքը լցւում է նոր հոգս ու խինդով, երեխաների ճիչով, իմաստաւորւում է: Կարելի է կարծել, որ սա էր Մարոյի նոր կեանքը՝ իր սիրելիի հետ, որին նա հիմա թիկունք է դարձրել և չի մտել այն խաս բախչի դռնից ներս:
Ապա նկարագրւում է նրա կեցուածքը: Ասում է՝ կանգնած է՝ ձեռքը ծալած, վիզը ծուռ. մէկը մի բանի որ չի հասնում, գլուխը ցած է հակւում, ասում են՝ վիզը ծուռ մնաց: Քառատողի վերջում իմանում ենք, որ սիրտը հալուել է սիրոյ հրից:
Երգի յաջորդ հատուածում իմանում ենք, որ թէև նրա ծոցը վարդ կա դրած, որ գուցէ իր սիրած տղան է նուիրել, բայց միտքը լիքն է դարդով, քանզի, - երգւում է, - աշխա՛րհը լիքն է վատ խօսող մարդկանցով, և չարախօսութիւնից Մարոյի սիրտը խոցուել է ու աչքերը լցուել:
Եվ երգի վերջին հատուածում, Մարոյի ապրումներին համահունչ, ձիւն է գալիս, թափւում կանաչ սարերի վրայ, որոնք հաւանաբար խորհրդանշում էին իր սէրն ու մինչ այդ ապրած երջանկութիւնն իր սիրելիի հետ, որը ձիւնի նման սառում է: Եւ ասւում է՝ խաւար է պատել Մարոյի հոգուն, իր յարի սիրուն մնացել է երերուն: Երերուն, որ չունեցան ամեն գնով իրար հասնելու հաստատակամութիւնը:
երգը ներկայացուած է Աննա Մայիլյաանի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ