Երիտասարդները կմեկնեն Հռոմ՝ Յոբելենականն ուխտագնացութեան` յոյսով առաջնորդուած
Յոյսի Յոբելենական տարուայ առիթով և արձագանքելով Սրբազան Պապի հրաւէրին՝ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հայ կաթողիկէ 50 երիտասարդներ՝ Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանի և 4 հոգևոր հայրերի առաջնորդութեամբ կմեկնեն Հռոմ՝ ուխտագնացութեան և մասնակցելու Երիտասարդների Յոբելենական օրերին, որոնք տեղի կունենան 2025թ. յուլիսի 29-ից օգոստոսի 3-ը: Այս 25 տարին մէկ տեղի ունեցող հոգևոր ձեռնարկին ամբողջ աշխարհի կաթողիկէ համայնքներից կմասնակցեն աւելի քան կէս միլիոն երիտասարդ, ովքեր հրաւիրուած են հնագոյն սրբավայր քաղաքում միասին անցկացնելու ուխտի և հոգևոր ապրումի, ապաշխարութեան և հոգևոր վերանորոգման, Սրբազան Պապի հետ միասնական աղօթքի անմոռանալի պահեր:
Հայ երիտասարդների օրակարգը բաւական յագեցած է՝ ներառնելով ուխտագնացութիւններ Հռոմի գլխաւոր սրբավայրերը՝ Սուրբ Պետրոսի Մայր Տաճարը, թափոր և անցում Սուրբ Դռնով, այցելութիւն պապական գետնադամբաններին, այլ եկեղեցիներ՝ Մարիա Մաճորէ Մայր Տաճար, որտեղ ամփոփուած է Ֆրանցիսկոս Պապի մարմինը, Լատերանի և Սբ. Պօղոսի տաճարներ, այլ սրբերին նուիրուած բազմաթիւ եկեղեցիներ՝ Հռոմի պատմական կենտրոնում, ծանօթութիւն Հռոմի քաղաքակրթական ժառանգութեանը, նաև՝ հեթանոսական անցեալին, նահատակուած քրիստոնեաների գետնադամբաններին, այցելութիւն Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզեցու և Սրբուհի Քիարայի սրբավայրերը՝ Ասսիզի քաղաքում, Սրբուհի Ռիտայի սրբավայրը՝ Քաշիա քաղաքում, միասնական ապաշխարութիւն, խոստովանութիւններ և գիշերային հսկում՝ Լևոն ԺԴ. Սրբազան Պապի հետ միասին, հանդիպում և միասնական աղօթք հայ կաթողիկէ սփիւռքահայ տարեկիցների հետ, այցելութիւն Լևոնեան հայկական վարժարան, հաղորդակցութիւն այլազգի կաթողիկէ երիտասարդների հետ՝ նրանց հետ միասին կիսելով նոյն Սուրբ Պատարագի Սուրբ Հաղորդութիւնը, որը քրիստոսաապատուէր եկեղեցական միութեան հիմքն է:
Հայ երիտասարդներն իրենց հոգևոր հայրերի առաջնորդութեամբ սրբավայրերում կաղօթեն Հայ Կաթողիկէ Եկեղեցու և Առաջնորդութեան հոգևոր բարօրութեան, սրբութեան, հիւանդների առողջութեան, հայ հասարակութեան միաբանութեան, բոլորիս ապաշխարութեան և հաւատքի և յոյսի ամրութեան դիտաւորութիւններով:
Ամենայն սուրբք Երկնի, բարեխօսեցե՛ք վասն հայ ուխտավորացս եւ Հայ Կաթողիկէ համայն Եկեղեցւոյս մեր. Ամէն:
24 Յուլիսի, 2025թ.
Տ. Յովսէփ Քհն. Գալստեան
Դիւան Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ