Յունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանութեան օրը, Փանիկում առաջին անգամ Սուրբ Հաղորդութիւն ստացան 13 մանուկներ
Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանը 2025թ. յունիսի 1-ին՝ կիրակի, Երեխաների պաշտպանութեան միջազգային օրը, Սուրբ Պատարագ մատուցեց Փանիկի Սուրբ Աստուածածին եկեղեցում, որի ընթացքում առաջին անգամ Սուրբ Հաղորդութիւն ստացան 13 մանուկներ, ովքեր պատրաստուել էին տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Միքայէլ Քհն. Դումբուրյանի առաջնորդութեամբ և երիտասարդներ Թագուհի Կարապետեանի և Սոնա Բաղդասարեանի օգնութեամբ: Սրբազան Հայրը, ըստ սովորութեան, իր քարոզի ժամանակ մանուկներին հարցեր ուղղեց՝ տեսնելու համար նրանց հոգևոր գիտելիքները, թէ արդեօք ճանաչում են Յիսուսին, Ում Մարմինն ու Արիւնը ընդունելու էին առաջին անգամ: Սրբազանը երեխաներին հարցում ուղղեց իրենց մկրտութեան մասին, թէ արդեօք յիշում են, թէ ինչպէս հագնուեցին սպիտակ հագուստներ, և այսօր նոյն սպիտակ հագուստներն են կրում՝ ի նշան մաքրութեան:
Սրբազանը ուշադրութիւնը հրաւիրեց երեք կէտերի վրայ, որ ակնկալում է նրանցից՝
1. ճանաչել Յիսուսին,
2. սիրել Յիսուսին,
3. այդ սէրը վերածել գործի՝ սեր ուրիշների հանդէպ:
«Եթէ ծնողներիս չեմ լսում, դասերս լաւ չեմ սովորում, ընկերներիս վիրաւորում եմ, ուրեմն, այս պարագայում սիրու՞մ եմ: Սիրում եմ, բայց յետոյ իմ ուզածն եմ անում… Ձեզ պէտք է խնդրեմ, որ Ձեր ճանաչողութիւնը, թէ ով է Յիսուս, լինի շարունակական՝ ամբողջ կեանքի ընթացքում, որպէսզի ձեր ճանաչողութիւնը հետագայում չսահմանափակուի միայն մոմ վառելով: Աշխարհը ուրախ չէ, որ այսօր սպիտակ հագուստ էք հագել և այնպէս է անելու, որ ամեն գնով կեղտոտի այդ սպիտակ հագուստը՝ ձեր սրտերի մէջ ցանելով չարը: Ինչպէ՞ս եք մաքուր պահելու ձեր սիրտը: Ամեն օր աւելիո՛վ պէտք է ճանաչէք Յիսուսին և աւելիո՛վ պէտք է սիրէք դիմացինին… Աստծուց լոյս և իմաստութիւն խնդրեցէ՛ք, որպէսզի իմանաք, թէ ինչ է բարին և ինչ է չարը… Սիրելի՛ ծնողներ, այնպէս ապրէք, որպէսզի սրբութեան օրինակներ լինէք ձեր զաւակների համար»:
Սրբազան Հայրը շնորհաւորեց բոլոր մանուկներին՝ Երեխաների պաշտպանութեան միջազգային օրուայ առիթով և տուեց իր հայրական օրհնութիւնը:
Առաջին Սուրբ Հաղորդութեան և Սուրբ Պատարագի արարողութիւնից յետոյ եկեղեցուն կից օրատորիայի մեծ սրահում տեղի ունեցաւ գեղեցիկ հիւրասիրութիւն, որի ընթացքում Սրբազան Հայրը առիթ ունեցաւ ծանօթանալու և զրուցելու համայնքի պաշտօնեաների և հաւատացեալ ժողովրդի հետ, առաջին անգամ Սուրբ Հաղորդութիւն ստացած մանուկների ծնողների հետ:
Դիւան Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան
2 յունիսի, 2025թ.
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ