Գիւմրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Տիրոջ Սուրբ Մարմինն ու Արիւնն առաջին անգամ ընդունեցին 16 երեխաներ
Տօն, որը միշտ կմնայ նրանց հետ
2025թ. Յունիսի 15-ին Գիւմրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Մայր Տաճարում Առաջին Սուրբ Հաղորդութիւն ստացան Անարատ Յղութեան հայ քոյրերի միաբանութեան Տիրամայր Հայաստանի կենտրոնի 16 սաներ՝ ձեռամբ Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանի, յընթացս Սուրբ Պատարագի հոգեպարար արարողութեան: Միաբան քոյրերը յաւուր պատշաճի կազմակերպել էին երեխաների պատրաստութիւնը՝ այս խորհրդաւոր տօնական իրադարձութեան համար, որի յիշատակը երեխաների սրտերում մնալու է ամբողջ կեանքի ընթացքում:
Սրբազան Հայրն իր քարոզում նախ խօսեց Կենաց Հացի մասին, որ Սուրբ Հաղորդութեան Հացն է.
«Կենաց Հացը Ինքը Տէրն է: Աւետարանում մեր Տէրն ասում է՝ Ես եմ Կեանքի Հացը, կերակուրը, այսինքն՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է կեանքի պահպանութեան համար: Տէրը կամեցաւ մեզ հետ լինել Հացի կերպարանքի տակ»:
Ապա խօսեց ճերմակ հագուստի մասին, որ հագնում են առաջին անգամ Սուրբ Հաղորդութիւն ստացողները: Այդ հագուստը յիշեցնում է մկրտութեան սպիտակափայլ պատմուճանը.
«Այս սպիտակ հագուստը ունի մկրտութեան պատմուճանի նոյն անմեղութիւնը, թափանցիկութիւնը և մաքրութիւնը… սպիտակ հագուստը ցոյց է տալիս սրտի մաքրութիւնը, ճերմակութիւնը… երեխայի սիրտը պղտորողը մենք ենք՝ մեծահասակները, հետևաբար, մենք պէտք է բծախնդիր լինենք ինքներս մեր հանդէպ, որպէսզի նրանց հոգիները չպղտորենք… Այսօրուայ Սուրբ Հացի հետ միասին ուրիշ մեղսալից կերակուրներ չպէտք է տանք նրանց: Այլ պէտք է միշտ ջանանք զօրացնել նրանց սրտերն ու հոգիները»:
Սուրբ Պատարագի արարողութիւնից յետոյ Սրբազան Հայրը 16 մանուկների և քոյրերի հետ միասին ներկայ գտնուեց Տիրամայր Հայաստանի կենտրոնում կազմակերպուած տօնական հիւրասիրութիւնը՝ կիսելով երեխաների և քոյրերի անհուն բերկրանքը՝ ուրախութիւն, որը մի գեղեցիկ երանգ է հաղորդում նրանց դժուարին կեանքին, որտեղ կա լիարժէք ծնողավարութեան, ծնողական ջերմութեան պակաս, որը սակայն իրենց սիրով ջանում են լրացնել Անարատ Յղութեան միաբան քոյրերը՝ խնամելով նրանց և դարձնելով հասարակութեան լիարժէք անդամներ, լաւ քրիստոնեաներ:
Դիւան Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան
16 Յունիսի, 2025թ.
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ