MAP

Գէորգ Արքեպս. Նորատունկեան Գէորգ Արքեպս. Նորատունկեան 

Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանի շնորհաւորական խօսքը և խնդրանքը` Ն.Ս. Լևոն ԺԴ Սրբազան Պապի ընտրութեան առիթով

Գէորգ Արքեպս. Նորատունկեանի շնորհաւորական խօսքը Ն.Ս. Լևոն ԺԴ Սրբազան Պապի ընտրութեան առիթով

Ուզում եմ ձեզ հետ կիսել հոգևոր մեծ բերկրանքս` Ն.Ս. Լևոն ԺԴ Սրբազան Պապի ընտրութեան առիթով, որը տեղի ունեցաւ սոյն թուականի մայիսի 8-ին Վսեմաշուք Կարդինալների Կոնկլավում` Սուրբ Հոգու առաջնորդութեամբ: Ահաւասիկ, Աստուծոյ կամքով ունենք մի Քահանայապետ` երկարամեայ առաքելագործ հովուական գործունէութեան փորձառութեամբ և վճռական` շարունակելու իր նախորդ Ֆրանչիսկոս Պապի բարեփոխումները` Աւետարանի Բարի Լուրի հռչակման առաջնահերթութեամբ, աղքատ, կարիքաւոր, խոցելի մարդկային հասարակութիւններին օգնելու, մարդու արժանապատուութիւնը վերահաստատելու, մարդու իրաւունքները պաշտպանելու, սոցիալական արդարութիւնը վերականգնելու, պատերազմները կանխելու, խաղաղութեան հաստատմանը նպաստելու, միջ կրօնական երկխօսութիւնը խթանելու հովուական մեծ տեսլականով:Այս ամենին ի լրումն, նորընտիր Պապը որդեգրեց ականաւոր հայասէր Քահանայապետ Լևոն ԺԳ Պապի անունը, ինչը խորհրդանշական և սիրելի է մեր տառապեալ հայ ժողովրդի համար: Կուզենայի յիշեցնել, որ Լևոն ԺԳ Պապը առանձնայատուկ հոգատարութիւն էր տածում հայ ժողովրդի հոգևոր և ազգային ինքնութեան զարգացման նկատմամբ: Այս Սրբազան Պապն էր, որ 1883թ. Հայ Կաթողիկէ Եկեղեցուն նուիրաբերեց Հռոմում գտնուող մի հսկայ հաստատութիւնը որը յայտնի դարձաւ որպէս «Լևոնեան Քահանայապետական Հայ Վարժարան», որտեղ կրթութիւն են ստացել հայ կաթողիկէ հոգևորականների բազմաթիւ սերունդներ, և մինչև այսօր էլ մեր ճեմարանականները շարունակում են ուսում ստանալ այդ վարժարանում` զուգահեռ բարձրագոյն աստուածաբանական ուսումնառութեամբ Հռոմի լաւագոյն պապական համալսարաններում: Լևոն ԺԳ Պապն այդպիսով հայ կաթողիկէ սաներին հնարաւորութիւն տուեց հաւասար պայմաններով ստանալու լաւագոյն հոգևոր կրթութիւն` պայծառացնելով Հայ Կաթողիկէ Եկեղեցին և բարձրացնելով հայ հոգևորականի նկարագիրը, ընդ մին նաև` նրան վստահուած հայ հաւատացեալ ժողովրդի հոգևոր բնութագիրը` խարսխուած Կաթողիկէ Եկեղեցու հաղորդութենական միութեան մէջ և հարստացնելով հայ ազգային ինքնութիւնը, ինչպես այդ մասին վկայում են այդ վարժարանի լաւագոյն շրջանաւարտ հոգևոր անձինք, որոնցից մեկն էլ Աստծուծոյ Ծառա յԿարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանեանն Պատրիարքն էր: 1888թ. Լևոն ԺԳ Պապը գրել է նաև յատուկ հայ ժողովրդին ուղղուած մի շրջաբերական նամակ` ”Paterna Caritas”` «Հայրական սեր» վերտառութեամբ, որտեղ իր հայրական գնահատանքն է արտայայտել հայ ժողովրդի հոգևոր ձեռքբերումների և, մանաւանդ, եկեղեցական հաղորդութեան ուղղութեամբ գործադրուած մեծ ջանքերի համար:

Ես ունեմ մի ներքին համոզում` առ այն, որ նորընտիր Լևոն ԺԴ Պապը կշարունակի իր անուանակից նախորդի նաև հայասեր այս մօտեցումը` հայ ժողովրդի մերօրեայ կարիքներին համահունչ տրամաբանութեամբ և մեզ իր հայրական սիրով դէպի աւելի լաւ ապագայ առաջնորդելու տեսլականով:

Հայրական խնդրանքս է, որ մեր բոլոր համայնքներում և ընտանիքներում ջերմեռանդօրէն աղօթենք մեր նորընտիր Լևոն ԺԴ Սրբազան Պապի համար` վստահելով նրան Բարի Խորհրդի Տիրամօր բարեխօսութեան, ում ինքն այնքա՜ն սիրում է և նուիրուած է եղել իր ողջ կեանքում, խնդրելով, որպէսզի Տէրը նրան շնորհի իմաստութիւն և հարկ եղած բոլոր կարողութիւնները` հովուելու համար իրեն վստահուած աշխարհածաւալ ողջ Կաթողիկէ Սուրբ Եկեղեցին և առաջնորդելու դէպի «դալար վայրերն ու հանգստաւէտ ջրերը» (Սղմ. 22):

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/05/2025, 07:00