MAP

Հեշտիայում առաջին Սուրբ Հաղորդութիւնը 34 մանուկներուն Հեշտիայում առաջին Սուրբ Հաղորդութիւնը 34 մանուկներուն 

Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեան Հեշտիայում առաջին Սուրբ Հաղորդութիւնը մատուցեց 34 երեխաներու

Սրբազան Հայրը դիմելով ներկաներին նախ յիշեցրեց Կեանքի Հացի վերաբերեալ սուրբ գրային նախապատկերը՝ երկնային մանանան, որ Աստուած տուեց իսրայէլացիներին: Նա պատմեց իսրայէլացիների ծանր կեանքի մասին՝ եգիպտական ստրկութեան մէջ:

2025թ. մայիսի 18-ին Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանը նախագահեց Ջավախքի Հեշտիա հայ կաթողիկէ համայնքում առաջին Սուրբ Հաղորդութեան հոգեպարար արարողութեանը՝ մատուցելով Սուրբ Պատարագ, առընթերակայութեամբ տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Անտոն Քհն. Անտոնեանի: Առաջին անգամ Սուրբ Հաղորդութիւնը հանդիսաւորապէս ընդունող երեխաների թիւը 34 էր՝ բոլորը պատրաստուած նախապէս, սպիտակազգեստ, աղօթքներն ու խոստումներն իրենց մանկական շուրթերին, հոգևոր բերկրանքն՝ իրենց մաքրամաքուր սրտերում:

Սրբազան Հայրը դիմելով ներկաներին նախ յիշեցրեց Կեանքի Հացի վերաբերեալ սուրբ գրային նախապատկերը՝ երկնային մանանան, որ Աստուած տուեց իսրայէլացիներին: Նա պատմեց իսրայէլացիների ծանր կեանքի մասին՝ եգիպտական ստրկութեան մէջ: Երեխաները գիտէին այդ պատմութիւնը: Սրբազանը շարունակեց այլ հարցեր ևս տալ փրկութեան յօդ Սուրբ Խորհուրդների մասին, և մեծ ուրախութեամբ ստացաւ գոհացնող պատասխաններ: Սրբազանն առաւել անդրադարձաւ Խոստովանութեան Խորհրդի՝ յորդորելով հնարաւորինիս յաճախակի խոստովանել մեղքերը, որպէսզի կարողանան միշտ ընդունել Սուրբ Հաղորդութիւնը: Հարկաւոր է միշտ սրբութեամբ ընդունել Կեանքի Հացը՝ Յիսուսի Մարմինը.

«Համոզուած եմ, որ բոլորդ հաւատարիմ կմնաք Եկեղեցուն՝ այս Սուրբ Հաղորդութիւնը առնելուց յետոյ: Այսօրուայ գեղեցիկ առիթի ուրախութիւնը թող միշտ ձեզ ուղեկցի ամբողջ կեանքում և յիշեցնի, որ պէտք է հաւատարիմ մնաք Աստծոյ հանդէպ ձեր սիրուն… Այսօր այս սպիտակ հագուստը ձեզ պէտք է յիշեցնի, որ մաքուր պահէք ձեր հոգիները և սրտերը՝ մինչև Տիրոջ գալստեան օրը: Այս սպիտակ հագուստը մաքուր պահելու ծանր պատասխանատուութիւնը նաև ձերն է, սիրելի՛ ծնողներ, ուժ տուէք ձեր երեխաներին, որպէսզի սիրեն Քրիստոսին և Եկեղեցուն՝ այս դժուարին ժամանակներում, երբ չարն ուզում է շեղել բոլորիս»:

Սրբազանը շնորհակալութիւն յայտնեց Հեշտիայի ամբողջ հաւատացեալ ժողովրդին, որ այնքան մեծ նուիրումով հոգ են տանում եկեղեցու մասին: Հեշտիան այն համայնքներից է, որտեղ նոյնիսկ կոմունիստական տարիներին հաւատքի ապրումը պահուել է մեծ ջերմեռանդութեամբ, ինչը յատուկ է Ջավախքի կաթողիկէ հայերին:

Դիւան առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց
 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

19/05/2025, 08:00