Արհ․ Տ․ Գէորգ Արքեպս․ Նորատունկեանը Սուրբ Պատարագ է մատուցել Մոսկուայում և ներկայ գտնուել Ռուս Ուղղափառ Եկեղեցու տօնական արարողութիւններին
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ․ Տ․ Գէորգ Արքեպս․ Նորատունկեանը 2025թ․ յունուարի 6-ին Աստուածայայտնութեան տօնական Սուրբ Պատարագ է մատուցել Մոսկուայի հայ կաթողիկէ համայնքի համար, Անարատ Յղութեան Կաթողիկէ Մայր Տաճարում։ Առաջնորդ Հօր առընթերակայ համապատարագիչներն էին Մոսկուայի և հարակից շրջանների հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Եսաեանը և Սալեզեան միաբան Գերյ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Պետրօսեանը։ Սուրբ Պատարագին ներկայ էին նաև Մոսկուայի լատինածէս կաթողիկէ բարձրաստիճան հոգևորականներ՝ Կիրիլ Գորբունովը՝ Մոսկուայի Աստուածամօր Արքեպիսկոպոսութեան գլխաւոր Փոխանորդը, Վասիլի Վայդան՝ Մոսկուայի Յոյն կաթողիկէների ժողովրդապետը։
Իր քարոզի ժամանակ Սրբազան Հայրը նախ ողջունեց լատինածէս հոգևոր հայրերին, ապա իր գնահատանքը յայտնեց Գերյ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Եսայանին՝ գործունեայ հովուական աշխատանքի համար և գոհունակութեամբ յիշեց Գերհ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Պետրոսեանի հետ իր միասնական հովուական աշխատանքը Ռուսաստանում, երբ տարիներ առաջ ծառայում էր որպէս Մոսկուայի ժողովրդապետ։
Առաջնորդ Հայրը հաւատացեալներին հրաւիրեց մտածել աւետարանական պատմութեան դրուագների մասին՝ յատկապէս մոգերի այցը, Հերովդէսի նենգ խորամանկութիւնը՝ նորածին Մանկանը սպանելու դիտաւորութեամբ։ Նա ասաց, թէ այս աշխարհի իշխանն այսօր էլ չի դադարում նենգութեամբ խաբել և քրիստոնեաների ոտքերի տակ որոգայթներ լարել, բայց Երկնքի ձայնը ևս չի դադարում խօսել մարդկութեան այսօրուայ մէջ։ Իսկ 21-րդ դարում ինչպէ՞ս զատորոշել այդ երկնային ձայնը։ Ու՞մ հետևել՝ չմոլորուելու համար․
«Ո՞վ է այսօրուայ աստղը․ մեր հոգիներին ծառայելու համար նուիրագործած անձերն են՝ վարդապետները, միանձնուհիները, ովքեր իրենց կեանքով շարունակում են արձագանքել և մարդկութեանը հռչակել, թէ այսօր ձեզ համար մի մանու՜կ է ծնուել՝ Էմմանուէ՜լ, որը նշանակում է՝ Աստուած մեզ հետ է»։
Սրբազանը հրաւիրեց մտածել Յիսուս Մանկանը և Մարիամին մշտապէս մեր սրտերում ունենալու կարևորութեան մասին, որպէսզի տօնական օրերի աւարտուելու հետ միասին չկորցնենք Նրանց ներկայութեան գիտակցութիւնը․
«Երբ տօնական զարդարանքների մի մասը նետէք աղբանոց, զգոյշ եղէ՛ք, որպէսզի դրանց հետ մէկտեղ չնետէք նաև Յիսուս Մանկանը՝ Մօր հետ միասին, Յովսէփի և հրեշտակների հետ միասին ․․․ Նրանք պէտք է բնակուեն ձեր սրտերում, Յիսուսը պէտք է իշխի ձեր կեանքում մինչև յաջորդ տարուայ յունուարի 6-ը։ Սա շատ բան կարող է փոխել մեր ամենօրեայ կեանքի հևքի մէջ, վստահեցնում եմ ձեզ։ Սրբերը, ովքեր այդպէս էին ապրում, ա՜յլ իղձեր էին ունենում, ա՜յլ լեզուով էին խօսում, որ խաղաղութեան, հաշտութեան, միութեան լեզուն է>>։
Սրբազան Հայրը Սուրբ Պատարագի և ջրի օրհնութեան հոգեպարար արարողութիւնը կատարելուց յետոյ հանդիպում ունեցաւ նաև հաւատացեալների հետ և մտերմիկ զրոյց ունեցաւ նրանց հետ։
Երեկոյեան, Գերհ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Եսայանի հետ Առաջնորդ Հայրը ներկայ գտնուեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկուայի Սուրբ Փրկչի Մայր Տաճարում մատուցուած Աստուածայայտնութեան տօնական աղօթական արարողութիւններին, որոնք նախագահում էր Մոսկուայի և Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիրիլը։ Աւարտ Սուրբ Պատարագի նրանք մասնակցեցին նաև միասնական ընթրիքին, որի ընթացքում Առաջնորդ Հայրը ծանօթութեան զրոյց ունեցաւ Պատրիարք Կիրիլի հետ՝ յայտնելով իր եղբայրական բարեմաղթանքները Աստուածայայտնութեան տօնի առիթով, նաև փոխանցելով Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքի ջերմ ողջոյններն ու բարեմաղթանքները։
Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ